Փաստ մեկնաբանությամբ

 Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկիի արած հիմնական շեշտադրումները

7 րոպեի ընթերցում

 Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկիի արած հիմնական շեշտադրումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ավարտելով իր առաքելությունը Հայաստանում, այդ պաշտոնում վերջին անգամ հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ամփոփելով իր գործունեությունն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս վիճակը: Ի թիվս ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցերի՝ Սվիտալսկին անդրադարձ է կատարել նաև արդարադատության համակարգի կատարելագործմանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի իրականացմանը, Ղարաբաղյան հիմնախնդրին, ժողովրդավարացման գործընթացին:

ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային ամենակարևոր հարցերից մեկին՝ դատական համակարգի բարեփոխումներին անդրադառնալիս՝ Սվիտալսկին կարևորել է դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և միջազգային սկզբունքներին: Այս համատեքստում հատկանշական է ԵՄ պատրաստակամությունը Հայաստանին քաղաքական, խորհրդատվական և ֆինանսական աջակցության ցուցաբերելու հարցում: Նշենք, որ ֆինանսական աջակցությունն, ըստ Սվիտալսկիի՝ լինելու է ուղիղ, անմիջական և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր, որն ավելի երկարաժամկետ է: Իսկ վերջինիս հետ կապված օրեր առաջ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում:

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը մտնում է իրականացման փուլ: Նշենք, որ հունիսին Գործընկերության խորհուրդը հավանության է արժանացրել համաձայնագրի իրականացման ՀՀ կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը, որը, դեսպանի հավաստմամբ, բավական հավակնոտ փաստաթուղթ է: Այժմ քննարկվում են այն մեթոդները, որոնք թույլ կտան աջակցել Հայաստանին այս գործընթացի իրականացման համար:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա ԵՄ դիրքորոշումն այս հարցում մնացել է անփոփոխ. ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Ի դեպ, այս մոտեցումն ամրագրված է ՀՀ-ԵՄ համաձայնագրում և ըստ էության, այն արտահայտում է ԵՄ պաշտոնական դիրքորոշումը:

Հատկանշական է նաև դեսպանի անդրադարձը ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացներին: Հետհեղափոխական շրջանում ՀՀ ժողովրդավարության կայացման գործընթացում 3 ամենաառանցքային ձեռքբերումներից կարելի է առանձնացնել հետևյալները՝ ազատ, արդար ընտրություններ, կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ հենքի ձևավորում, անպատժելիության զգացման վերացում:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հեռացող դեսպանն իր ելույթի ընթացքում հստակ ուղերձներ է հղել ՀՀ նոր իշխանություններին՝ իրենց գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Խոսքը վերաբերում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ վիզաների ազատականացումը, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, անաչառ մամուլը:

Բավական կարևոր էր դեսպանի կողմից տրված դրական գնահատականը վիզաների ազատականացման գործընթացին ուղղված ջանքերի համատեքստում, մասնավորապես, այս հարցում վրացական կողմի հետ ակտիվ համագործակցությունը: Սա կարևոր քայլ է, քանի որ թե՛ վրացական և թե՛ մոլդովական փորձի ուսումնասիրումը վիզաների ազատականացումից առաջ, ընթացքում և հետո՝ թույլ կտա պատկերացում կազմել այն հնարավոր խնդիրների մասին, որոնք կարող են ի հայտ գալ գործընթացում: Իսկ վիզաների ազատականացման գործընթացում զգալի տեղաշարժեր արձանագրելու համար ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորինս նվազեցնեն ապաստան հայցելու դիմումները, չխախտեն վիզաների ժամկետները և չչարաշահեն անվճար բուժծառայությունները:

Հաջորդ կարևոր ուղերձը կապված էր ՀՀ զարգացմանն ուղղված ԵՄ ֆինանսական աջակցության հետ: Դեսպանի խոսքում հատուկ ընդգծվեց «Հովանի» հիմնադրամի կողմից 21 միլիոն եվրոյի տրամադրումը Հայաստանին: Հատկանշական է, որ այս հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները տրվում են ըստ տվյալ երկրի կատարողականի: Դեսպանի հավաստմամբ՝ ՀՀ կատարողականն առավել բարձր է, քան հարևան Վրաստանում, ինչը, նրա գնահատմամբ, գովելի է: Սա, անշուշտ, խոսում է ՀՀ նկատմամբ դրական տրամադրվածության մասին, և եթե Հայաստանը շարունակի նման գործունեությունը, ապա հաջորդ տարիներին այս թիվը ոչ միայն կարող է պահպանվել, այլև ավելանալ: Մեկ այլ կարևոր ցուցանիշ է 2019թ. երկկողմանի ծրագրային աջակցությունը, որը կազմելու է 70 միլիոն եվրո, ինչը նախորդ տարիներին միջինում կազմել է 35 միլիոն եվրո: ԵՄ կողմից ֆինանսական նման աջակցությունն առնվազն խոսում է երկկողմ հարաբերություններում փոխադարձ վստահության աճի մասին:

Հաջորդ կարևոր ուղերձը, թերևս, առնչվում է անաչառ մամուլին: Դեսպանն իր խոսքում անհրաժեշտություն է համարում նոր իշխանությունների կողմից առավել մեծ ուշադրություն դարձնելը ժողովրդավարության կայացման կարևոր տարրերից մեկին՝ ազատ և օբյեկտիվ մամուլին: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն պետք է շարունակի ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորել այս հարցում առավել մեծ արդյունավետության հասնելու համար:

Այսպիսով՝ պետք է արձանագրել այն դրական դինամիկան, որ հաստատվել է ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկիի գործունեության ընթացքում, և փորձել առաջիկայում ևս նպաստել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը: Այս շրջափուլում երկկողմ հարուստ երկխոսության շնորհիվ հաջողվել է առաջընթաց գրանցել եվրոպական արժեքների պահպանման և զարգացման, ՀԸԳՀ կյանքի կոչման գործում: Ուշագրավ է Սվիտալսկիի պատրաստակամությունը պաշտոնավարումից հետո ևս Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցում (մասնավորապես՝ խոսքը վերաբերում է վիզաների ազատականացման գործընթացին), ինչը վկայում է ՀՀ-ԵՄ միջև հաստատված ամուր կապերի և վստահության մթնոլորտի բարձր մակարդակի մասին:

Գոհար Հովհաննիսյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում