Արցախ

Գրիգորի Մարտիրոսյանն ու Տիգրան Ավինյանը հստակեցրել են համագործակցության հետագա քայլերը

3 րոպեի ընթերցում

Գրիգորի Մարտիրոսյանն ու Տիգրան Ավինյանը հստակեցրել են համագործակցության հետագա քայլերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ կառավարության անդամները, քննարկվել են երկու հայկական պետությունների գործադիր մարմինների միջև առկա փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հեռանկարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, արդարադատության, գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարները մանրամասն ներկայացրել են միասնական դաշտում գործող ծրագրերի որակն աստիճանաբար բարձրացնելու և մի շարք ուղղություններում փոխգործակցության նոր՝ մասնավորապես, հանրությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման, հակակարկտային կայանների, գյուղատնտեսական հաշվառման, համայնքների գլխավոր հատակագծերի, Մարտակերտ-Սոտք ավտոճանապարհի սպասարկմանն ու այլ հարցերի շուրջ առաջարկներ:

«Նշված ոլորտներում համագործակցության բարձր մակարդակի պահպանումն ու նախանշված նոր ուղղություններում համատեղ աշխատանքը կարճ ժամանակահատվածում կարող են տպավորիչ արդյունքներ գրանցել»,- իր խոսքում նշել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ համագործակցության նոր առաջարկներն ու առկա դրական դինամիկան ապահովելու անհրաժեշտությունը բխում են հայկական երկու պետությունների տնտեսական շահերից:

ԱՀ պետական նախարարն ու ՀՀ փոխվարչապետը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման և ոլորտային նոր աշխատանքների համադրման տեսանկյունից:

Այնուհետև ԱՀ և ՀՀ կառավարության անդամները այցելել են Ստեփանակերտում տեղակայված մի շարք արտադրամասեր, գնահատել թեթև արդյունաբերության զարգացման ներկա միտումներն ու հեռանկարները:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության Արցախ կատարած աշխատանքային հագեցած օրակարգը ավարտվել է Շուշիում: Հյուրերը ծանոթացել են «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան»-ի հնարավորություններին ու բերդաքաղաքի զբոսաշրջային ներուժին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում