ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի սեփականության վկայականի վրայից կնիքի պահանջը վերացնելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը կվերացվի,և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ կունենան առանց կնիքի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝կառավարության կողմից ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց երկրորդ ընթերցմամբ:

«Այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում,որ Անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքի գործընթացների ավարտական փաստաթղթերը թվային տարբերակով հասանելի լինելու դեպքում համարվեն պաշտոնական փաստաթուղթ: Դրա հիմնական փոփոխությունը կայանում է նրանում,որ սեփականության վկայականի կամ մնացած այլ վկայականների վրայից կնիքի պահանջը վերացվում է,և այդ փաստաթղթերն իրավական կարգավիճակ են ունենալու առանց կնիքի»,- ներկայացրել էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Փոփոխություններով կամաց-կամաց շրջանառությունից դուրս կգան նաև հին սերնդի սեփականության վկայականները:

Հնարավորություն է տրվում,որ բարձր սերնդի սեփականության վկայականների մեջ փոփոխություն կատարելու դեպքում տրվի նոր նմուշի վկայական:Հին սերնդի վկայականները կամաց-կամաց շրջանառությունից հանելու գործընթաց են սկսում:

Առաջարկվող փոփոխություններով նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտե եզրույթը կփոխարինվի Կադաստրի կոմիտե եզրույթով:

Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր:

Հայերեն Русский