Հասարակական

Հայաստանն ու Վրաստանը միջկառավարական համագործակցության նոր էջ են բացել. փոխվարչապետներն ամփոփեցին հանձնաժողովի նիստը

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Վրաստանը միջկառավարական համագործակցության նոր էջ են բացել. փոխվարչապետներն ամփոփեցին հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Վրաստանն ունեն համագործակցության խորացման դեռևս չօգտագործված ներուժ, և երկու երկրների կառավարությունների հետագա գործունեությունն ուղղված կլինի այն ներուժի բացահայտմանն ու լիակատար օգտագործմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 27-ին Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստն ամփոփեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Վրաստանի փոխվարչապետ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Նիստի արդյունքում ստորագրվեց ՀՀ-ի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությունը:

«Այսօր մենք նոր էջ բացեցինք հայ-վրացական միջկառավարական համագործակցության համար, նոր բովանդակություն հաղորդեցիք մեր երկկողմ հարաբերություններին, ընդգծեցին մեր տնտեսական և հումանիտար կապերի կառուցվածքային հագեցվածությունը՝ միաժամանակ դրանց հաղորդելով հստակություն և պրագմատիզմ: Նիստին քննարկվել են հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար և բազմաթիվ այլ ոլորտների վերաբերող հարցեր: Միաժամանակ այդ քննարկումները ցույց են տվել, որ բոլոր ոլորտներում առկա է երկկողմ համագործակցության խորացման դեռևս չօգտագործված մեծ ներուժ, և մեր հետագա համատեղ գործունեությունը պետք է միտված լինի այդ ներուժի բացահայտմանը և լիակատար օգտագործմանը»,-ասաց Ավինյանը:

Նա նշեց, որ առևտրատնտեսական հարաբերութուններից զատ քննարկել են նաև շատ այլ ուղղություններ: Եվ այժմ կարող են արձանագրել, որ հաջողվել է քննարկել արդիական նոր առաջարկներ և մոտեցումներ՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման համար: «Արձանագրությունում արտացոլված են մեր երկու կառավարությունների այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ հիմք կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար»,-ասաց Ավինյանն ու կարևորեց պահպանել տեմպը և արագ շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Մայա Ցկիտիշվիլին նշեց, որ անգամ մեկ րոպե չէր կասկածել հանձնաժողովի նշանակության և կարևորության մեջ: «Սակայն պետք է նշեմ, որ այսօրվա նիստը ևս մեկ անգամ հավատեց, որ երկու բարեկամ, հարևան և գործընկեր երկրները բոլոր հարցերում իրար հասկանում են, կա փոխըմբռնում սկզբունքային հարցերում: Ստորագրված արձանագրությունը գործնական փաստաթուղթ է, որում արտացոլված են ինչպես կոնկրետ պայմանավորվածություններ, այնպես էլ ամսաթվեր: Եվ դա մեզ հնարավորություն կտա, որ հաջորդ նիստը լինի շատ ավելի հաջող»,-ասաց Վրաստանի փոխվարչապետն ու հույս հայտնեց, որ մյուս տարի իրենք կհյուրընկալեն հայկական կողմին:

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ սրանից առաջ կայացել էր 2011-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում