Պատգամավորի կարծիքով՝ Հարկային օրենսգրքի փաթեթում կատարված փոփոխություններն այն դարձրել են ցանկալիին մոտ
2 րոպեի ընթերցում
![Պատգամավորի կարծիքով՝ Հարկային օրենսգրքի փաթեթում կատարված փոփոխություններն այն դարձրել են ցանկալիին մոտ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/06/979686.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակում պատգամավորների, խմբակցությունների առաջարկներով կատարված փոփոխություններն այն դարձրել են ցանկալիին մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում հսկայական փոփոխություններ են կատարվել, դա դարձել է այն, ինչը մոտ է ցանկալիին: Ես ինքս 15 առաջարկ եմ արել, որից 8-ն ընդունվել է»,-ասաց Պապոյանը:
Անդրադառնալով եկամտային հարկի նախատեսվող համահարթեցման համար հնչող քննադատություններին, թե այն սոցիալական խնդիր է ստեղծում՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ համահարթեցման միջոցով սոցիալական արդարության խնդիր չի լուծվում: Նրա կարծիքով՝ սոցիալական արդարությունը պրոգրեսիվ եկամտային հարկի միջոցով ևս չի լուծվելու: Մարդու աշխատանքի հարկումը չի կարող սոցիալական արդարության հարց լուծել: Պապոյանը համարում է, որ սոցիալական արդարության խնդիր կլուծվի, եթե հարկվի հարստությունը, գույքը: «Որևէ մեկը աշխատավարձով դեռ չի հարստացել, աշխատանքը, աշխատավարձը պարզապես լավ ապրելու միջոցներ են»,-եզրափակեց նա: