Կատարի գործարարները ՀՀ նախագահի հրավերով կուսումնասիրեն Հայաստանի ներդրումային հնարավորությունները
2 րոպեի ընթերցում
![Կատարի գործարարները ՀՀ նախագահի հրավերով կուսումնասիրեն Հայաստանի ներդրումային հնարավորությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/06/978124.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի գործարարները Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով նախատեսում են հաջորդ տարի այցելել Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով www.gulf-times-ը, այս մասին ասել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Մոհամեդ բին Ահմեդ ալ-Օբաիդլին:
Մոհամեդ բին Ահմեդ ալ-Օբաիդլին, ով «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նշել է, որ ՀՀ նախագահը շահագրգռված է իր երկրում նոր ներդրումներ ներգրավելու հարցում: «Հայաստանի նախագահը Կատարի գործարարներին կոչ արեց ուսումնասիրել իր երկրի ներդրումային հնարավորությունները»,- ասել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամը՝ հավելելով, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել են հայկական և կատարական մասնավոր և գործարար ոլորտների միջև համագործակցությունն ամրապնդելու հետ կապված հարցեր:
Մոհամեդ բին Ահմեդ ալ-Օբաիդլին ընդգծել է, որ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Կատարի և Հայաստանի միջև սերտ հարաբերությունները և ընդգծել է բոլոր ոլորտներում և հատկապես առևտրի և տնտեսության ոլորտում այդ հարաբերություններն ամրապնդելու իր ցանկությունը:
Կատարի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ներդրումային միջավայրը գրավիչ է: «Մենք քննարկել ենք նաև Կատարի և Հայաստանի մասնավոր սեկտորների միջև համագործակցության ասպեկտները՝ հատկապես սննդամթերքի անվտանգության ուղղությամբ»,- ասել է ալ-Օբաիդլին: