Առանց ստվերի Հայաստան. պատգամավորն առաջարկում է 10-ից ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձերը վճարել անկանխիկ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Հայաստանում անկանխիկ վճարումները զարգացնելու և ստվերային շրջանառությունը կրճատելու նպատակով մշակել է նոր օրենսդրական նախաձեռնություն: Նա առաջարկում է 10-ից ավելի աշխատող ունեցող գործատուների համար սահմանել նոր նորմ՝ աշխատավարձի վճարումները կատարել անկանխիկ եղանակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը ներկայացրեց նախաձեռնության նպատակը և դրա արդյունքում սպասելիքները:

«Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով երկու հիմնական նպատակ է դրվում: Առաջինը ստվերային շրջանառության վերացումն է, իսկ երկրորդը` անկանխիկ վճարումների մշակույթի ներմուծումը: Երկրորդ նպատակի իրագործումն աստիճանաբար կբերի ստվերային շրջանառության նվազման: Օրինակ, եթե առևտուր անելիս վճարում ենք անկանխիկ՝ քարտերի միջոցով, ապա 100 տոկոսով վստահ ենք, որ դա արձանագրվում է: Եվ եթե դրանից բխող հարկային պարտավորություններ են առաջանում, ապա, բնականաբար, կազմակերպությունները չեն կարող դա թաքցնել: Իսկ եթե կանխիկով ենք կատարում գործարքը, խնդիրներ են առաջանում, եթե ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Նպատակն է, որ ոչ թե ժամանակի ընթացքում գնանք կոշտ վարչարարության, այսինքն՝ մարդկանց տուգանենք, որ ՀԴՄ կտրոն տան, որ ստվերը դուրս գա, այլ մարդիկ իրենց անկանխիկ վճարումների միջոցով մեծամասամբ ստվերը դուրս բերեն»,-ներկայացրեց Պապոյանը:

Փոփոխությունը միտված չէ գործատուների դեմ. պատգամավորը վստահեցրեց, որ օրենքի նախագիծը մշակել է հանուն ստվերի կրճատման, խոսել է բազմաթիվ գործատուների, ՓՄՁ-ների աջակցության հիմնադրամի հետ, գործատուների համար որևէ նոր ծախս չի առաջանում:

«10 և ավելի աշխատող ունեցող ընկերությունները քիչ թե շատ նորմալ ընկերություններ են և ունեն բանկային հաշիվ, հետևաբար նրանց համար լրացուցիչ ծախս չի առաջանում»,-ասաց Պապոյանը: Միևնույն ժամանակ, պատգամավորը վստահ չէ, որ այս փոփոխությամբ իրական աշխատավարձերի չափերը լիովին կերևան. հնարավոր է լինեն գործատուներ, որոնք աշխատավարձի մի մասը կվճարեն քարտով, մյուսը՝ կանխիկ: «Սակայն այդ դեպքում գոնե կլուծվի մյուս նպատակը: Աշխատակիցն, այնուամենայնիվ, կունենա բանկային քարտ և աշխատավարձի այդ հատվածը կարող է օգտագործել անկանխիկ, կսովորի անկանխիկ վճարելու մշակույթին»,-նշեց նա:

Դիտարկմանը, որ գյուղական շատ բնակավայրերում կարող են դժվարություններ առաջանալ բանկոմատների քիչ լինելու պատճառով, երբեմն նաև դրանցից օգտվել չկարողանալու պատճառով՝ Պապոյանն ասաց, որ պատրաստ է քննարկել այդ հարցը: «Օրինակ, կարելի է այդ պահանջը սկզբում պարտադիր դարձնել Երևանում, հետո կամաց-կամաց մյուս շրջաններում»,-նշեց պատգամավորն ու հավելեց, որ դիտարկվում է նաև այդ հնարավորությունը: Սակայն նա նկատեց, որ շատ գյուղական համայնքներում՝ դպրոցներում, մշակույթի տներում, մանկապարտեզներում, որտեղ 100-ից ավելի աշխատակիցներ կան, աշխատավարձը ստանում են անկանխիկ եղանակով: Եթե բանկոմատների հասանելիության խնդիրը կա, ապա կա նաև այդ մարդկանց համար: Նրա կարծիքով՝ եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, բանկերի համար էլ տնտեսապես նպատակահարմար կլինի թեկուզ խոշոր գյուղերում բանկոմատ ունենալ:

Նախագծի հեղինակը պատրաստվում է նաև գլխադասային հանձնաժողովի նիստում առաջարկել, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավարձն, այնուամենայնիվ, տրվի կանխիկ կամ՝ ըստ ցանկության: Պապոյանը մեկ անգամ ևս շեշտեց՝ նախագծի նպատակն է անցնել առանց ստվերի Հայաստանի: «Եթե կրճատում ենք ստվերը, նշանակում է, որ հարկերը մեծանում են, դա էլ նշանակում է թոշակների, աշխատավարձերի բարձրացում և այլն: Նպատակն է ունենալ անկանխիկ վճարումների կատարման մշակույթը՝ մինիմալ անհարմարություն պատճառելով քաղաքացիներին»,-եզրափակեց Պապոյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ