ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքային առաջին քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց հանձնաժողովի ղեկավար, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Հանձնաժողովը ստեղծված է 6 ամիս ժամկետով: Մենք քիչ առաջ աշխատանքային առաջին քննարկումն արեցինք, որտեղ պլանավորեցին, թե ինչ քայլերից ենք սկսում տեխնիկական մասերը` մեզ հետաքրքրող ուղղություններով տեղեկատվությունը ստանալու, մարդկանց լսելու, ուսումնասիրելու, և վերջնահաշվում ունենալու այնպիսի ուսումնասիրության առարկա, որը հասարակության մոտ կփարատի բոլոր այն կասկածները, որ մինչ հիմա այս թեմայով հնչեցվել են»,- ասաց Քոչարյանը:
Հանձնաժողովի քննության առարկան է.
1.Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կատարման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն:
- Հակառակորդի հարձակողական գործողությունների կանխմանն ու խափանմանն ուղղված հրամանատարական որոշումների օպերատիվության, համարժեքության գնահատում, դեպքերին տրված իրավական գնահատականի հիմնավորվածության և օրինականության գնահատում:
Հանձնաժողովի իրավասության ոլորտն է.
- Պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվությունները, փաստաթղթերը, զեկուցագրերը, և այլն: Այդ թվում` գաղտնիության ռեժիմ ունեցող:
- Հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների:
Մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: