Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ տուրք. ԱԺ-ն քննարկում է փոփոխված նախագիծը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանելու մասին նախագծում փոփոխություն է կատարել: Նախապես առաջարկվող 22 հազար դրամի փոխարեն առաջարկվում է ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետական տուրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Հարևան շուկաներում իրավիճակի կտրուկ փոփոխության հետևանքով շուկայում շոկ է առաջացել, որոնք վտանգում էին տեղական արտադրողների արտարդրության շարունակականությունը, և անհրաժեշտ էր պաշտպանական միջոց կիրառել, որը առաջին ընթերցմամբ ԱԺ-ն հաստատեց՝ առաջակելով ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել։ Նախապես առաջարկվում է 22 հազար դրամ պետական տուրք սահմանել ներկրվող ցեմենտի մեկ տոննայի համար: Առաջինից երկրորդ ընթերցմամբ ընթացքում առաջարկում ենք ցեմենտի տուրքի ներկրման համար սահմանել ոչ թե 22 հազար դրամ, այլ 14 հազար դրամ»,-ասաց Խաչատրյանն ու նշեց, որ շարունակում են կլինկերի վրա պետտուրք չտարածել:
Նախապես կառավարությունն առաջարկվում էր կլինկերի վրա ևս պետտուրք սահմանել: Սակայն ԱԺ գլխադասային հանձնաժողովում քննարկումների արդյունքում պատգամավորներն առաջարկել էին, որ կլինկերի նկատմամբ պետական տուրք չկիրառվի, քանի որ փոքր արտադրողների շահերը հաշվի չէին առնվել։ Առաջարկն ընդունվել էր և դարձել բուռն քննարկումների առիթ:
Նախարարը նաև նշեց, որ ներկայում առաջարկվող կարգավորումը ժամանակավոր է։ Առաջարկն ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի ապրիլ ամիս: «Մենք այս ընթացքում կլսենք բոլոր արտադրողներին, նաև այն զարգացման ծրագրերը, որ նախատեսում են կիրառել երկարաժամկետ մրցունակություն ձեռք բերելու համար և ամռանը կսկենք քննարկել ավելի երկարաժամկետ և կայուն որոշումներ ընդունել»,-նշեց նախարարը: