Տնտեսություն

Աճել են Հայաստանից փայլաթիթեղի, շոկոլադի, գինու արտահանման ծավալները

2 րոպեի ընթերցում

 Աճել են Հայաստանից փայլաթիթեղի, շոկոլադի, գինու արտահանման ծավալները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարՏիգրան Խաչատրյանը ներկայացրեց տնտեսական հիմնական ցուցանիշները և նշեց, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 14.7 տոկոսով։

««Արմենալ» ընկերության փայլաթիթեղի արտահանման ծավալներն ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճել են 44 տոկոսով։ Ծխախոտի արտադրանքի արտահանման ծավալները ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել են 60 տոկոսով։ Ոսկերչական արտադրանքի առաջին չորս ամիսների արտահանումը կազմել է 14 մլն ԱՄՆ դոլար. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանման աճը կազմել է 68 տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ շոկոլադի արտադրանքի արտահանումը չորս ամսում կազմել է 5 մլն դոլար. արտահանման ծավալն աճել է 34 տոկոսով։

Գինու արտահանման ծավալների աճը ընթացիկ տարվա առաջին 4 ամսում նախորդ տարվա չորս ամիսների համեմատ կազմել է 11 տոկոս։

Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ Կեցության և հանրային սննդի հետ կապված ծառայությունների աճը կազմել է 23.5 տոկոս: Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն աճել են 20 տոկոսով։ Կապիտալ բնույթի ապրանքների ներմուծման աճը ապրիլին կազմել է 12.7 տոկոս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում