Քաղաքականություն

Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ավարտվել է Բակո Սահակյանի և  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ավարտվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա տեղեկացրել է, որ քննարկել են բոլոր առաջնահերթ նշանակության հարցեր:

«Մենք պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, այդ թվում՝ հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար: Հարցադրումները եղել են անկեղծ և ազնիվ: Ես փորձել եմ իմ մոտեցումները ներկայացնել»,-ասել է Բակո Սահակյանը:

Լրագրողները խնդրել են հստակեցնել, թե ինչ մասին է խոսվել. Բակո Սահակյանը նշել է, որ քննարկել են հարցեր անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացի, տնտեսության հետ կապված:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ Բակո Սահակյանը նշել է, որ ցանկալի է՝ նման հանձնաժողովներում ներգրավված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են իրենց գործունեությամբ օգնելու և չբացահայտված փաստերը բացահայտելու, լրացուցիչ ճշտումներ մտցնելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում