ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 16-19-ն անցկացվում են Բելառուսի մշակույթի օրերը: Ծրագրի շրջանակում Բելառուսից մեր երկիր են ժամանել արվեստի տարբեր ոլորտի գործիչներ, որոնք մայիսի 17-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
«Կարծում եմ` օտար երկրների հետ բարեկամական հարաբերություններ ստեղծելու, այդ հարաբերությունները պահպանելու գործում էական նշանակություն ունեն մշակութային միջոցառումները: Մշակույթը դիվանագիտության զարդն է, ծաղիկն է և պետք է պատշաճ մակարդակով անցկացնել տարբեր երկրների հետ կապված մշակութային նախաձեռնությունները»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանը:
Նա հավելեց, որ օտար մշակույթներին ծանոթանալու արդյունքում հաճախ ծնվում են նոր մշակույթներ:
««Բելառուսի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրն անցկացվում է երկու երկրների մշակույթի նախարարությունների համագործակցության շրջանակում: Այսօր երկու ցուցահանդեսի բացում և մեկ համերգային ծրագիր ենք անցկացնելու, իսկ վաղը` ֆիլմի ցուցադրություն»,- տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:
Նա հայտնեց, որ միջոցառումների շրջանակում Հայաստան են ժամանել «Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը», մենակատարներ Ալյոնա Լանսկայան, ազգությամբ հայ Իսկուհի Աբալյանը, Հայաստանում է նաև «Աուրա» խումբը, որի մենակատարներն են Յուլիա Բյովովան և Եվգենի Օլեյնիկը»,-նշեց Քարամյանը:
Վարչության պետն ընդգծեց, որ նման միջոցառումները մեր երկրի հասարակությանը հնարավորություն են տալիս ծանոթանալ օտար պետությունների բարձրակարգ մշակույթի հետ: Քարամյանի համոզմամբ` այս նախաձեռնությունը ապահովում է մեր փոխգործակցությունն ԱՊՀ երկրների հետ, որը վերջին շրջանում բավականին ակտիվ է:
«Հայաստանում եղել եմ 2014 թվականին: Հիացած եմ այս երկրով ու չափազանց դրական հույզերով եմ այստեղից հեռացել, հետևաբար, անհամբերությամբ էի սպասում այս այցին»,-անկեղծորեն ասաց Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչ, հեռուստահաղորդավար Մարինա Գրիցուկը:
Նա ասաց, որ Հայաստանում իրենց զգում է ինչպես տանը, քանի որ Հայաստանին և Բելառուսին միավորում է հյուրընկալ լինելու հանգամանքը:
Անդրադառնալով երկու երկրների միջև մշակութային հարաբերություններին` Գրիցուկը շեշտեց, որ նման նախաձեռնություններն ամրապնդում են այդ հարաբերությունները:
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագրի մեկնարկը տրվելու է մայիսի 17-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Ցուցադրվելու են Նապոլեոն Օրդայի գրաֆիկական աշխատանքները և Բելառուսի Հանրապետության ազգային պատմության թանգարանի ժողովրդական արհեստների ու ստեղծագործության հավաքածուն:
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման գալա համերգը կայանալու է նույն օրը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ են ունենալու Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը Ալյոնա Լանսկայաի, Իսկուհի Աբալյանի և «Աուրա» խմբի մասնակցությամբ:
Համերգի ընթացքում ներկայացվելու է Բելառուսի զբոսաշրջային ներուժի մասին պատմող տեսանյութը:
Թատրոնի նախասրահում գործելու է «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Յանկա Կուպալայի արվեստին:
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը եզրափակվելու է մայիսի 18-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում` «Պատերազմ. մարդ մնալ» ֆիլմի ցուցադրությամբ: