Հասարակական

Արայիկ Հարությունյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության մի շարք հարցեր: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ անցած մեկ տարում կողմերի միջև համագործակցությունը եղել է ամենաբարձր մակարդակի, ինչի վկայությունն է այս տարվա օգոստոսին Երևանում կայանալիք «Կայուն զարգացման նպատակների 4 ուղություների տեխնիկական համագործակցության խմբի» ժողովը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է կրթության զարգացման ռազմավարությունն ու վերանայվում են առարկայական չափորոշիչերը, և այս գործում անհրաժեշտ է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների աջակցությունը:

Ջաննինին ողջունել է Հայաստանի կրթական համակարգում ընթացող փոփոխությունները, որոնք հաճախ համընկնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված առաջնահերթություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը հայտնել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցել Հայաստանի գործընկերների հետ մի քանի ուղղություններով, մասնավորապես, մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև առարկայական չափորոշիչների մշակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում