Հասարակական

Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին

4 րոպեի ընթերցում

Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը, որն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ մայիսի 15-ին, ժամը 13:30-ին։

Նիստի ավարտին 2-րդ նախագահը շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին և ասաց, որ արդեն կարող են գնալ։

Մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստին պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նույնը օրը նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Մայիսի 14-ին դատարանը մերժեց պաշտպանների այդ միջնորդությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000ՀՀ դրամին համարժեք 3․000․000ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում