Տնտեսություն

Դեսպան Բադալյանը և «Թուրքմենական ավիաուղիներ»-ի ղեկավարը կարևորել են Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթի վերականգնումը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Բադալյանը և «Թուրքմենական ավիաուղիներ»-ի ղեկավարը կարևորել են Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթի վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մայիսի 10-ին հանդիպել է Թուրքմենստանի պետական «Թուրքմենական ավիաուղիներ» ընկերության («Türkmenhowaýollary») ղեկավար Դովրան Սաբուրովի (Dowran Saburow) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Գառնիկ Բադալյանը և Դովրան Սաբուրովը համամիտ են եղել, որ Թուրքմենստան-Հայաստան հարաբերություններում իր ուրույն տեղն ունի հաղորդակցության, այդ թվում՝ օդային բնագավառում համագործակցությունը, որի ակտիվացումը կհանգեցնի երկու երկրների գործարար կապերի աշխուժացմանը, արևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

ՀՀ դեսպանը և «Թուրքմենական ավիաուղիների» ղեկավարը քննարկել են ավիացիոն ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության ներկա վիճակը և այն ընդարձակելու հնարավորությունները՝ կարևորելով 2018թ. ընդհատված Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթի վերականգնման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև Երևանը հայաշատ այլ երկրների հետ կապող չվերթների կազմակերպման հնարավորություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում