3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի օրվա կապակցությամբ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու նպատակով բազմաթիվ մարդիկ մասնակցեցին Երևանի կենտրոնում անցկացվող երթին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն մեկնարկեց Հյուսիսային պողոտայից:
Երթի կազմակերպիչ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թամասյանի խոսքով` արհմիությունը վաղուց իր դերակատարումն ունի աշխատավոր մարդկանց իրավունքների պաշտպանության գործում: Այն և’ անցյալում, և’ այսօր փորձում է բոլորի իրավունքները պաշտպանել իր հնարավորությունների չափով:
«Մենք տարբեր պահանջներ ենք ներկայացնում, որոնք հիմնականում վերաբերում են մեր իրավունքների պաշտպանությանը: Ես իմ աշխատանքային պայմաններից գոհ եմ, բայց աշխատավարձը չնչին է: Ինձ այնքան էլ գնահատված չեմ զգում»,- խոստովանեց երթի մասնակից Նոնա Ահարոնյանը:
«Դեռ Խորհրդային միության տարիներից մայիսի 1-ը նշում էինք մեծ սիրով: Միշտ էլ ցանկացել ենք, որ նվիրված աշխատող մարդկանց ավելի շատ գնահատեն: Տարիներ շարունակ աշխատում ենք` ցանկանալով օգուտ տալ մեր հայրենիքին»,- ասաց երաժիշտ, մանկավարժ Գայանե Նազարյանը:
Նա շեշտեց, որ այսօր գոյության կռիվ է, պայքար, հացի խնդիր կա, այնինչ և’ աշխատավարձներն են քիչ, և’ թոշակները: «Ուզում ենք` երկրի վիճակը բարելավվի, որ ավելի ուրախ ու թեթև լինենք»,-նշեց մանկավարժը:
Մեկ այլ մասնակցի` Մարտա Զաքարյանի կարծիքով ամենակարևորն այսօր աշխատավարձի բարձրացումն է, որ մարդու վաստակած գումարով հնարավոր լինի գոնե մինիմալ հարցեր լուծել:
Աշխատանքի միջազգային օրը նշվում է մայիսի մեկին:Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:1886-ի մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Հուզումների այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել և արդյունքում արդեն 1889 թվականին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել: Կոնգրեսի որոշմամբ սահմանվեց նաև մեկ միասնական օր, որը աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգին հնարավորություն կտար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: