Հասարակական

Ոստիկանները կարճ ժամանակում բացահայտել են Երևանում տեղի ունեցած սպանությունը

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները կարճ ժամանակում բացահայտել են  Երևանում տեղի ունեցած սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից մայիսի լույս 1-ի գիշերը՝ 3-ն անց 35-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մետ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։

Եղբայրներից կրտսերը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանը միացել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները։

Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են սպանությունը՝ պարզելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Շուտով հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցի 1\1 շենքի հետնամասում։ Լույսը դեռ չբացված՝ ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, որը հայտնաբերվել է իր բնակարանում ու բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

31-ամյա տղամարդուն ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա ձերբակալվել է։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում