Տնտեսություն

Պետությունը դեռ պատրաստ չէ աշխատավարձի չհարկվող շեմ սահմանելուն

2 րոպեի ընթերցում

Պետությունը դեռ պատրաստ չէ աշխատավարձի չհարկվող շեմ սահմանելուն

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետությունը նախատեսում է եկամտահարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, որն էլ աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Սակայն նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելը դեռ իրատեսական չէ, քանի որ մեծ հարկային ծախս կլինի պետական բյուջեի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են, արդյոք, նախատեսել չհարկվող շեմ, նա շեշտեց, որ այն երկրներում,որտեղ իրականացվում է համահարթ տարբերակը, անպայման կիրառվում է չհարկվող շեմ:

Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելուն՝ Պողոսյանը նկատեց, որ դա շատ ծախսատար միջոցառում է: «Եթե պարզ հաշվարկներ կատարելու լինենք, կտենենք, որ առնվազն 95 մլրդ դրամ հարկային ծախս է նստելու պետական բյուջեի վրա: Պետք է գնահատենք, թե արդյոք պատրա՞ստ ենք այդ ծախսը իրացնելու, թե ոչ: Մեր գնահատմամբ՝ այս փուլում պատրաստ չենք»,- ասաց փոխնախարարը:

Նա համաձայնեց այն թեզի հետ, որ եթե ունենք համահարթ դրույքաչափեր, ապա չհարկվող շեմի ներմուծումը պրոգրեսիվություն է հաղորդում համակարգին: Բայց միևնույն ժամանակ նկատեց, որ երևույթի մյուս կողմում կանգնած է շուրջ 95 մլրդ դրամ հարկային ծախս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում