Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի կողմից Միքայել Հարությունյանին չարտահանձնելու հարցում չի ուզում տեսնել քաղաքական ենթատեքստ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի կողմից Միքայել Հարությունյանին չարտահանձնելու հարցում չի ուզում տեսնել քաղաքական ենթատեքստ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ և ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին Ռուսաստանի կողմից հայկական կողմին չարտահանձնելու մեջ, բացի իրավական կարգավորումներից, այլ ենթատեքստ չի ուզում տեսնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց վարչապետն ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, ինչքանով տեղյակ եմ, նաև ՌԴ քաղաքացի է: Մենք այսօր իրավիճակ ունենք, երբ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն մեղադրում է հանցագործության մեջ, բայց մեր օրենսդրության բերումով չենք կարող այդ քաղաքացուն արտահանձնել, որովհետև դա մեր սահմանադրությանն ու օրենսդրությանը հակասում է: Ես չեմ ուզում այդտեղ այլ ենթատեքստներ տեսնել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ չի կարող ասել` Ռուսաստանի Դաշնությունը Միքայել Հարությունյանին կարտահանձնի՞, թե ոչ:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում