Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի փոփոխման պատճառները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանագրով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007թ., ազատվել է պաշտոնից:

Ալի Խամենեիի մեկ այլ հրամանագրով՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է նշանակվել Հոսեյն Սալամին, որը մինչ այդ զբաղեցնում էր ԻՀՊԿ հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամկազմում կատարված պաշտոնանկության և նոր նշանակման շարժառիթներին՝ ԻՀԿՊ հրամանատարի փոփոխությունը կապված է մի քանի հանգամանքների հետ:

Առաջին, Մոհսեն Ռեզայիից սկսած (1981-1997թթ.) ԻՀՊԿ հրամանատարների փոփոխությունը տեղի է ունենում 10-15 տարին մեկ: Մ. Ռեզայիին փոխարինել է Յահյա Ռահիմ Սաֆավին (1997-2007թթ.), իսկ վերջինիս՝ արդեն նախկին հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին (2007-2019թթ.):

ԻՀՊԿ նորանշանակ հրամանատարը շուրջ չորս տասնամյակ ծառայում է այդ կառույցում և, զբաղեցնելով գրեթե բոլոր կարևորագույն պաշտոնները, շատ լավ ծանոթ է համակարգում առկա բոլոր գործընթացներին և մարտահրավերներին:

Ուսումնասիրելով Իրանի հետհեղափոխական պատմությունը՝ նկատում ենք, որ ԻՀԿՊ հրամանատարների փոփոխությունը պայմանավորված չի եղել զուտ պաշտոնավարման ժամկետով, այլ յուրաքանչյուր հրամանատարի փոփոխությունը կապված է այդ շրջանում Իրանի ներքին և արտաքին հիմնախնդիրների և սպառնալիքների հետ:

Այդ առումով Հոսեյն Սալամիի նշանակումը ևս բացառություն չէ, և առաջին հերթին կապված է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու մասին Միացյալ Նահանգների որոշման հետ:

ԻՀՊԿ նորանշանակ հրամանատարն իրանցի այն բարձրաստիճան զինվորականներից է, որն ունի ընդգծված հակաամերիկյան դիրքորոշում և հատկապես վերջին շրջանում աչքի է ընկել ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև Եվրոպայի նկատմամբ կոշտ հայտարարություններով և մշտապես շեշտել Իրանի հրթիռային համակարգը զարգացնելու անհրաժեշտությունը:

Իրանի և Միացյալ Նահանգների փոխհարաբերություններում առկա գերլարված մթնոլորտի պայմաններում գեներալ Սալամին իր մոտեցումներում ավելի արդյունավետ կկարողանա համակարգել ԱՄՆ-ի դեմ ուղղված քարոզչական պատերազմը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի փոփոխումն, անշուշտ, կապված է նաև ներքին հիմնախնդիրների հետ:

Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Իրանում տեղի են ունեցել աննախադեպ ահաբեկչական գործողություններ, որոնք բացի ահաբեկչությունից՝ իրենց մեջ նաև անջատողականության սպառնալիք են պարունակել:

Ինչպես հայտնի է, սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված դեռ 2018թ. սկզբից Իրանում պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում, որոնց ընթացքում երբեմն այնպիսի կոչեր են հնչում, որոնք սպառնում են իսլամական համակարգին:

Հետևաբար ԻՀՊԿ նոր հրամանատարի առաջնահերթությունները կլինեն ոչ միայն արտաքին սպառնալիքների կառավարումը, այլ 2020թ. Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախ և առաջ ներքին անվտանգության ապահովումը:

Արմեն Իսրայելյան

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/11/26

Ասիական ինդեքսներ - 06/11/26

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում տնտեսական աճի հնարավոր դանդաղման չափը

Եվրոպայում ավիահաղորդակցությունը կրկին թիրախավորվել է նոր սպառնալիքներով

Տեղական արտադրությունից մինչև միջազգային վաճառք. Wildberries-ի ընձեռած հնարավորությունները հայկական բիզնեսի համար

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ԵՄ շուկա արտահանման 51 տոկոս աճի մասին

Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա