«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է մերժել կամ ետ կանչել ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու նախագիծը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է մերժել կամ ետ կանչել ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինօրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մեր խմբակցությունում բուռն քննարկումներ ենք ունեցել՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անել: Գտնում ենք, որ պետք է օրենքը հիմա մերժել կամ ետ կանչել ու փորձագետներով, լսումներով աշխատել ու հասկանալ՝ ինչպես է հարցը լուծվում: Այն ժամանակահատվածը, որը ծախսվել է այս նախագիծը քննարկելու համար, բավարար չէ որոշում կայացնելու համար»,- նշեց Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը հավելեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին: