Վրաստանում նշում են Ազգային միասնության օրը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում նշում են Ազգային միասնության օրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/970578.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 9-ին նշվում Է Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտի ընդունման եւ Ազգային միասնության, քաղաքացիական հաշտության եւ հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ապրիլի 9-ը Վրաստանում հանգստյան օր Է: Այդ օրը երկրում հիշում են 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի ուժերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման զոհերին: Ըստ հաստատված ավանդույթի՝ այդ օրը թբիլիսցիները զոհվածների հիշատակին վարդակակաչներով են ծածկում նախկին խորհրդարանի շենք տանող աստիճանները: Թբիլիսիի բնակիչները գիշերվանից են սկսում հավաքվել այն վայրի մոտ, որտեղ տեղի Է ունեցել ողբերգությունը:
Այս օրվա առթիվ, ըստ ավանդույթի, Վրաստանի բոլոր եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան կարգ: Երկրի առաջին անձինք ծաղկեպսակներ կդնեն Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կանգնեցված հուշահամալիրին, հաղորդել Է Sputnik-ը: