ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանդարինի անուշ բույր, Սև ծովի տեսարանով բացվող ֆանտաստիկ մայրամուտ, հարուստ բուսականություն, անմահական գինիներ ու չկրկնվող խոհանոց․ այս ամենը հարևան Վրաստանի մասին է, որը փորձել ենք բացահայտել նոր գույներով:
Հայաստանում Վրաստանի դեսպանության և Վրաստանում Աջարիայի Ինքնավար Հանրապետության զբոսաշրջության դեպարտամենտի կազմակերպած մեդիաշրջագայության ընթացքում լրագրողները, որոնց թվում էր նաև «Արմենպրես»-ի թղթակիցը, այցելել են Վրաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը՝ Աջարիա, որի վարչական կենտրոնը Բաթումին է:
Շատերի մոտ տպավորություն է, որ Բաթումին առաջարկում է միայն ծովափնյա հանգիստ, բայց բուսականությամբ հարուստ Աջարիան շատ բան ունի առաջարկելու և զարմացնելու հանգստի տարբեր տեսակներ նախընտրող զբոսաշրջիկներին:
Հին ու նոր քաղաքների միաձուլումը
Այստեղ կարելի է նախ հիանալ Սև ծովի գեղեցկությամբ ու վայելել ծովի թարմ ու անուշ բույրը՝ նավարկելով արագընթաց կամ դանդաղընթաց նավերով, զբոսնել քաղաքով ու հիանալ հին և նոր քաղաքների միաձուլմամբ, մշակութային հուշարձաններով, ավանդական խոհանոցով, էքստրեմալ տուրիզմով, գինիների լայն տեսականիով և վրացիների մեծ հյուրընկալությամբ:
Քաղաքի սրտում գտնվող Բաթումիի ամենամարդաշատ, ամենագեղեցիկ ու հրապուրիչ վայրերից մեկը՝ «Պիացա» հրապարակն, անմիջապես աչքի է ընկնում իր յուրահատուկ և հետաքրքիր ճարտարապետությամբ: Այնտեղ հնարավոր եղավ վայելել վրացական ոգով պարային բեմադրություն: Հետաքրքիր ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ շինություններ Բաթումիում շատ կհանդիպեն, ինչին զուգահեռ քաղաքի մյուս հատվածում զարգանում է նոր ճարտարապետությունը՝ ժամանակակից երկնաքերերով: Քաղաքում զբոսնելիս անհնար է չհրապուրվել ցիտրուսային ծառերի պտուղների՝ մանդարինների ու լիմոնների բույրով, ինչն անմիջապես տեղափոխում է մանկություն:
Բաթումիի հայկական հետքը
Բաթումիում, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել հայկական հետքը. Սուրբ Փրկիչ Հայ Առաքելական եկեղեցու նախնական փայտյա շենքը Բաթումիում կառուցվել է 1874 թվականին, սակայն հետագայում փայտյա կառույցն ապամոնտաժվել է, և նույն տեղում 1887-1898 թվականներին քաղաքի հայ համայնքի և հայտնի նավթարդյունաբերող և գործարար Ալեքսանդր Մանթաշովի ջանքերով կառուցվել է եկեղեցու քարե շենքը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին փակվում է, և շենքը գործում է իբրև աստղացուցարան: 1992 թվականին եկեղեցին վերադարձվում է հայ համայնքին: Այն սկսել է գործել 1995 թվականից:
Աջարիայի պատմության վկաները
Աջարիայի բուսականությանն ու կենդանական աշխարհին, տեղացիների կյանքին, հայտնագործություններին, զարդերին, ազգային հագուստին և մշակույթին ծանոթանալու համար միանշանակ պետք է այցելել Խարիթոն Ախվլեդիանիի թանգարան, որտեղ կգտնեք նաև հին հայկական եզակի մատյաններ, իսկ արվեստի գործերի շարքում՝ Այվազովսկու հայտնի կտավներից մեկը:
Իսկ երկրի պատմական իրադարձություններին ձեզ ավելի մոտ կտանեն Աջարիայի երկու հնագույն ամրոցները՝ Պետրան և Գոնիո-Ափսարոսը։ Ծովի մակարդակից 440 մ բարձրության վրա 535 թվականին կառուցված Պետրա ամրոցից կվայելեք Սև ծովի հիանալի տեսարանը և բուսական աշխարհը: Իսկ Գոնիո-Ափսարոս ամրոցում կգտնեք պեղումների արդյունքում հայտնաբերված պատմական իրեր ու փաստեր:
Բնության, քայլարշավների սիրահարներն անպայման պետք է այցելեն տեղի Բուսաբանական այգի, որտեղ կտեսնեն հազվագյուտ բույսեր՝ ծառերի ու ծաղիկների ամենալայն տեսակները: Էքստրիմի սիրահարները կարող են ուղևորվել Մթիրալա ազգային պարկ, որտեղ ոտք դնելով՝ կթվա, թե հայտնվել եք ջունգլիներում, որ հաճախ տեսել եք տարբեր ֆիլմերում:
Բաթումիի հայտնի ծովամթերքի շուկան
Ասում են՝ երկրին լավ ծանոթանալու համար պետք է անպայման այցելել տեղի շուկաներ, իսկ հասնել Բաթումի և չշրջել տեղի ծովամթերքի շուկայում, ուղղակի անթույլատրելի է: Ի դեպ, դուք հնարավորություն ունեք ձեր նախընտրած ծովամթերքը գնել և շուկային կից «Ֆիշլանդիա» ռեստորանում խնդրել, որ այն պատրաստեն ձեր նախընտրած ձևով:
Բեսլեթի կամ Թամարա թագուհու կամուրջ
Գոնիոյի ամրոց այցելելիս չմոռանաք գնալ՝ տեսնելու Թամարա թագուհու յուրահատուկ կամուրջը: Այն ճարտարապետական հուշարձան է՝ կառուցված Բասլետկա գետի վրա։Կամուրջը կառուցված է կրաքարի աղյուսներից, որոնց բարձրությունը գետնից 13 մետր է։ Հին օրերում կամուրջն ունեցել է ռազմավարական լուրջ նշանակություն։
Բաթումիում շատ են նաև գեղատեսիլ ջրվեժները. անպայման այցելեք երկու ամենահայտնի ջրվեժները՝ Միրվեթին և Մախունթսեթին, վայելեք բնության մեջ թաքնված հրաշք տեսարանները, լուսանկարվեք և ունեցեք բնության մեջ թաքնված հրաշք տեսարաններով անկրկնելի կադրեր:
Խոհանոց, երգ ու պար
Վրացական անմիջականության ու հյուրընկալության շունչն անմիջապես կզգաք սեղանի շուրջ: Լրագրողական խմբին հյուրընկալողները հնարավորություն տվեցին մտերմիկ միջավայրում վայելել վրացական գինին, տարբեր ուտեստներ և ազգային երգ ու պար: Շատ հետաքրքիր է, որ Աջարիայում երաժիշտները սիրում են հյուրերի հետ նստել սեղանի շուրջ, զրուցել, որի ընթացքում ներկայացնում են երգի բովանդակությունը և շեշտում, որ փորձում են չաղավաղել ավանդական երգերն ու կատարել այնպես, ինչպես դրանք փոխանցվել են սերնդեսերունդ: Իսկ վրացական խենթացնող գինիների ու ավանդական խոհանոցի մասին խոսելն ու նկարագրելն ավելորդ է. դա պետք է անձամբ փորձել և վայելել:
Իսկ վերջում Բաթումիի հին ու նոր հատվածները միասին վայելելու համար անպայման նստեք ճոպանուղի, նավարկեք ու բաց մի թողեք ծովային էքստրիմի այլ հնարավորություններից օգտվելու բոլոր շանսերը:
Գայանե Գաբոյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի