Տնտեսություն

Շատ երկրներում շատ բաներ տեղի չեն ունեցել, որը տեղի է ունեցել Հայաստանում. Վարչապետ

2 րոպեի ընթերցում

Շատ երկրներում շատ բաներ տեղի չեն ունեցել, որը տեղի է ունեցել Հայաստանում. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան գյուղերում ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ միանգամից 15 կով պահել, երևի ամեն գյուղում այդպիսի 1-2 մարդ գտնվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստում նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ անդրադառնալով գյուղնախարարության ներկայացրած ծրագրին, որով առաջարկվում է գյուղերում նոր, ժամանակակից «խելացի» անասնագոմեր կառուցել:

Վերմիշյանի խոսքով, ավելի մեծ ծավալ հնարավոր կլինի ներգրավել, եթե 4-տեղանոց գոմեր կառուցվեն: Այդ դեպքում գրեթե բոլորը կարող են ներգրավվել ծրագրում, քանի որ նաեւ փողի գումարն է փոքրանում:

Գյուղնախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը նշեց. «Մեր քաղաքականությունն ունի հետևյալ փիլիսոփայությունը, թե ինչպիսի ֆերմեր ենք ուզում տեսնել. մենք ուզում ենք 10-15 տարի հետո տեսնել ֆերմեր, որը կրկին հացի խնդի՞ր է լուծում, թե՞ ֆերմեր, որը բավարար գումար է վաստակում: 1-2 կովով մենք չենք կարող մեր խնդիրը լուծել: Եթե մարդիկ չունեն այդ փողը, որ կովեր գնեն, մենք զրո տոկոսով վարկ ենք տալիս, կենդանիների ապահովագրությամբ, պետությունը երաշխիքներ կտա: Այսինքն՝ բոլոր հնարավոր պայմանները կստեղծենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պետք է հետևել ծրագրի ընթացքին, ու եթե տեսնեն, որ իրենց նախատեսված ծավալներով այն տեղի չի ունենում, փորձեն լուծել խնդիրը:

Վերմիշյանը նաև նկատեց, որ այս ծրագրերը բերում է խոշորացման, իսկ դա հանգեցնում է գյուղերի դատարկման, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը:

Սրան արձագանքեց Փաշինյանը. «Շատ երկրներում շատ բաներ տեղի չեն ունեցել, որը տեղի է ունեցել Հայաստանում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում