Հասարակական

Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. Վանեցյան

2 րոպեի ընթերցում

Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածը քննության ընթացքում կպարզվի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին: «Նրան առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով տվողի առողջական վիճակը եւ տարիքը, նրա նկատմամբ չի ընտրվել խափանման միջոց կալանավորումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը:

Հարցին, թե կաշառք տվողը նախապես հայտնե՞լ է իրենց այդ մասին, Վանեցյանն ասաց, «Եթե ինքը մեզ հայտներ, որ կաշառք է տանում տա, իրեն մեղադրանք չէր առաջադրվի, ու նա կազատվեր պատասխանատվությունից»:

ԱԱԾ–ի փոխանցմամբ, մարտի 30-ին բուժհաստատության ղեկավարաը առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ աջակցություն էր հայտնել իրավապահ մարմիններին. «Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ հայտնել, որ վերցնողն ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի` նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»,– գրել էր նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում