Հասարակական

Դատարանը բավարարել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորին կալանավորելու միջնորդությունը

3 րոպեի ընթերցում

Դատարանը բավարարել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.715.000 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք:

Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գ. Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:

30.03.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Գ. Հեբոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Գ. Հեբոյանը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում