Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի 1-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքը, այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցելու են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:
Նախատեսվում է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ Կոնգրեսի գրադարան և հանդիպում կին կոնգրեսականների հետ: Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում հանդիպում կունենա Կարնեգի հիմնադրամում: Աննա Հակոբյանը կմասնակցի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Այցի շրջանակում Աննա Հակոբյանը կմասնակցի բարեգործական մի շարք ընթրիքների, կունենա երկկողմ հանդիպումներ, որտեղ կներկայացնի երկու հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը: Աննա Հակոբյանը կայցելի նաև Մեմֆիս քաղաքի Սուրբ Հուդայի անվան հիվանդանոց, որտեղ կստորագրվի հուշագիր ST Jude (Սուրբ Հուդայի) մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև: