Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին. կառաջարկվի քննարկել խափանման միջոցի հարցը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին. կառաջարկվի քննարկել խափանման միջոցի հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի գիտություն ընդունելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պարզաբանումները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթի նյութերը՝ մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկն այց են իրականացրել քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորված անձ Կոնստանտին Հովհաննիսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ Կոնստանտին Հովհաննիսյանը և նրան խնամող ազգականները մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ գանգատներ չեն ներկայացրել: Անձի առողջական վիճակի, խափանման միջոցի հետ դրա համատեղելիության և այցի ընթացքում բարձրացված այլ հարցերի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում նախապատրաստվում է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ ուղղված գրություն:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ՝ օրեր առաջ նախաձեռնվել է կալանավորված Կոնստանտին Հովհաննիսյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ վարույթ, որի շրջանակում գրություն է հասցեագրվել արդարադատության նախարարություն: Միաժամանակ, հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցներում վերջին օրերին առկա տեղեկությունները՝ պարզաբանումներ ստանալու նպատակով անմիջապես կապ է հաստատվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հետ։

Բարձրացվել են ԶԼՄ-ներով հրապարակված հանգամանքները կապված ինչպես կալանավորված անձի առողջական վիճակի, այնպես էլ՝ փաստաբան ներգրավելու հետ:

ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից ստացվել է պարզաբանում, որ հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակը՝ կալանավորվելուց անմիջապես հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այնուհետև՝ քաղաքացիական հիվանդանոց, և քննչական մարմնի կողմից թույլատրվել է նաև նրա մոտ խնամակալի գտնվելը»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում