Սպորտ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատ բուհը նշել է նրա 60-ամյակը

2 րոպեի ընթերցում

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատ բուհը նշել է նրա 60-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նշվեց Հայաստանի ազգային հերոս, ՀՀ վարչապետ (1999թ. հունիսի 11-ից մինչևհոկտեմբերի 27) երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը: Սպարապետն ավարտել է հենց այդ բուհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում հյուրերը նախ այցելեցին ինստիտուտի թանգարան, որտեղ կա Վազգեն Սարգսյանի մասին պատմող անկյուն: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Սարգսյանի եղբայր` Արամ Սարգսյանը կիսվեց եղբոր մասին հիշողություններով, պատմեց Վազգեն Սարգսյանի սիրելի ֆուտբոլիստի` Արկադի Անդրեասյանի մասին և շեշտեց` ըստ Վազգենի ուսանողների շրջանում ամենագեղեցիկ աղջիկներ «ֆիզկուլտ» ինստիտուտի աղջիկներն են: «Կուզենայի, որ նոր սերունդը Վազգենին ճիշտ ճանաչի, անկախ նրանից, թե ով ինչ կասի: Վազգենն էր, որ կանգնեց և ժողովրդի հետ ճիշտը խոսեց»,-ասաց Արամ Սարգսյանը:

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի խոսքով` Վազգեն Սարգսյանի գործը, ավանդը մեծ է եղել Հայաստանի և Արցախի պաշտպանության և անվտանգության կայացման գործում: «Վազգենն ապրեց և գործեց հանուն հայրենիքի` որպես նվիրյալ հայ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ»,-առանձնացրեց Առաքելյանը:

Հանդիպմանը խոսքով հանդես եկան ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՀՖԿՍՊԻ-ի մարզական լրագրության ամբիոնի վարիչ Ռոլանդը Շառոյանը, Սարգսյանի ընկերները, հարազատները:

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, տարին՝ հոբելյանական. նա կդառնար 60 տարեկան:

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությանը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ զոհ դարձավ նաև Վազգեն Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում