Հասարակական

Փոխվարչապետը Երևանում կանաչ տարածքների վերականգնման քաղաքականության շարունակականության անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը Երևանում կանաչ տարածքների վերականգնման քաղաքականության շարունակականության անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Երևանում Օպերային թատրոնի շրջակայքի կանաչ տարածքների վերականգնման նպատակով սրճարանների ապամոնտաժման գործընթացի նկատմամբ հասարակության արձագանքը ադեկվատ է համարում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց՝ քաղաքապետարանի այդ քաղաքականությունը պետք է շարունակական լինի:

«Մեր քաղաքական թիմը միանշանակ աջակցում է այդ որոշմանը: Դա ընդհանուր թիմային որոշում է: Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ է: Համոզված եմ, որ նմանատիպ քաղաքականությունը քաղաքապետարանի կողմից պետք է շարունակական լինի, որովհետև խոսքը մայրաքաղաք Երևանի կենտրոնի մասին է »,-ասաց Ավինյանը:Նա շեշտեց, որ ոչ մի արտոնյալ չի լինելու:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ էր ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսավարողի, որ, համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը սկսել էր այդ սրճարանների ապամոնտաժման աշխատանքը: Այն հարուցել էր սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Մարտի 14-ին նրանք փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը:Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվել էր ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը: Ոստիկանության գործողությունների ընթացքում լարվածություն էր առաջացել, քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ էր սկսվել, ինչի հետևանքով տուժել էին ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցված են, նշանակվել է ծառայողական քննություն:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում