Տնտեսություն

Գարեգին Բաղրամյանը և Արտեմ Վոլինեցը քննարկել են Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը

3 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանը և Արտեմ Վոլինեցը քննարկել են Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը մարտի 13-ին ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նոր բաժնետեր «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի (Chaarat GoldHoldings) գլխավոր տնօրեն Արտեմ Վոլինեցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էր նաև «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:

Քննարկվել են «Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի կողմից Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացվելիք ներդրումային ծրագրերը:

Ողջունելով հյուրերին՝ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը, ինչպես նաև «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (EITI) գործընթացի շրջանակում իրականացվող գործողությունները:

«Չաարատ Գոլդ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստանում գործունեություն ծավալելու որոշումը պայմանավորված է վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով և ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրով:

Արտեմ Վոլինեցը վստահեցրել է, որ ընկերության առաջնահերթ ծրագրերից է ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքները համապատասխանեցնել միջազգային լավագույն չափորոշիչներին և ապահովել գործունեության թափանցիկություն: Նախատեսվում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռքի աշխատանքը փոխարինել մեքենայականով, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արտադրողականությունն ու անվտանգության աստիճանը, կներդրվի օգտակար հանածոյի վերամշակման համար անհրաժեշտ ջրի օգտագործման փակ ցիկլով համակարգ՝ շրջակա միջավայրի պահպանության նպատակով:

Արտեմ Վոլինեցը նշել է, որ ընկերությունն առաջիկայում նախարարություն կներկայացնի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում կատարվելիք փոփոխությունը և ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը:

Գարեգին Բաղրամյանը վերահաստատել է իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը՝ աջակցելու նախանշված ծրագրերի իրականացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում