Արցախ

Վլադիմիր Վարդանյանը Մինսկի խմբի հայտարարությունում տեսնում է միաժամանակ և՛ մտահոգիչ, և՛ դրական կողմեր

3 րոպեի ընթերցում

Վլադիմիր Վարդանյանը Մինսկի խմբի հայտարարությունում տեսնում է միաժամանակ և՛ մտահոգիչ, և՛ դրական կողմեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության որևէ դրույթ չի խոչընոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար: Նա հայտարարությունը համարում է մի կողմից մտահոգիչ, մյուս կողմից դրական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցում:

«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արտացոլում է համանախագահների կարծիքը: Ընթանում է բանակցային գործընթաց,դրանում կարող են հնչել տարբեր առաջարկներ, մոտեցումներ: Սակայն հայտնի է այդ հարցում ՀՀ վարչապետի պաշտոնական դիրքորոշումը, որ բանակցային գործընթացի հիմքում և Արցախի հակամարտության կանոնակարգման հիմքում պետք է որոնել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն և Հայաստանի և Արցախի, և Ադրբեջանի բնակչության համար: Համանախագահների հայտարարությունը և մտահոգիչ է և ոչ։ Մտահոգիչ է, քանի որ, կարծես թե, ստեղծվել է լրացուցիչ լարվածություն՝ համենայնդեպս ներքաղաքական: Մյուս կողմից մտահոգիչ չէ, որովհետև շատ դրական է, որ Մինսկի խմբի նախագահությունն աշխատանքը շարունակում փոխադարձ ընդունելի լինելու ուղղությամբ»,-ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց՝ չպետք է մոռանալ, որ գործ ունենք միջնորդական խմբի առաքելության հետ, որի հիմնական նպատակն է կողմերին առաջարկել փոխադարձաբար ընդունելի ձևաչափ: Պատգամավորի կարծիքով՝ այդ ձևաչափը պետք է ընդունելի լինի նախ Արցախ ու Հայաստանի բնակչության, հետո, ինչու չէ, նաև Ադրբեջանի բնակչության համար:

Վարդանյանի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահները փորձել են պարզապես ամփոփել մինչ հեղափոխությունը ձևավորված օրակարգը: «Եվ քննարկել են այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված են եղել այն ժամանակում: Բանակցային գործընթացը շարունակվում է: Եվ, իհարկե, հասկանալի է, որ հեղափոխությունից հետո որոշակի առումով պետք է որոշակի շեշտադրումներ փոխենք բանակցային գործընթացում»,-նշեց նա:

Վարդանյանը նկատեց՝ այդ կարգի հայտարարություն արվել է նաև նախկինում, և պետք չէ կոնտեքստից որևէ բան կտրել, ներկայացնել որպես հեղափոխական բնույթի հայտարարություն: «Դա դիվանագիտական, աշխարհին բնորոշ հայտարարություն է, կոչ հակամարտության կողմերին»,-ասաց Վարդանյանն ու հավելեց՝ այդ հայտարարության որևէ դրույթ չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար

Նա միևնույն ժամանակ նկատեց, որ Մինսկի խումբը չափազանց կարևոր է: Իսկ բանակցային գործընթացը այլ կազմակերպություն տեղափոխելու ցանկացած փորձ դատապարտելի համարեց:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ին հայտարարություն էին տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում