Հասարակական

Շատ համայնքներում խոշորացումը տվել է սպասելի արդյունքը. Սուրեն Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Շատ համայնքներում խոշորացումը տվել է սպասելի արդյունքը. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համայնքների խոշորացման գործընթացին, ընդհանուր առմամբ, դրական է վերաբերվում: Այն համայնքներում, որտեղ խոշորացումից առաջ կառավարությունը հաշվի է առել բնակչության կարծիքը, եղել են տնտեսական քննարկումներ, խոշորացումը տվել է սպասելի արդյունքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի դիտարկմանը:

Այվազյանը նշեց` նախորդ իշխանության ժամանակ բազմաթիվ գյուղական բնակավայրերում խոշորացումներ են արվել` հաշվի չառնելով բնակիչների կարծիքը: Նա ներկայացրեց, որ կան համայնքներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում: Դրանցից մեկն է նաև Լոռու մարզի Նորաշեն համայնքը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոշորացմանը դրական են վերաբերվում, քանի որ կան համայնքներ, որտեղ խոշորացումը իրավամբ տվել է այն արդյունքները, որոնք սպասելի էին:«Այդպիսի համայնքներ են նրանք, որոնց հետ ժամանակին կառավարությունը հաշվի է նստել, եղել են քննարկումներ, տնտեսական հաշվարկներ: Սակայն նաև առիթ ենք ունեցել նշելու, որ խոշորացման գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարությունից: Դրանք, երբեմն, արհեստական բնույթ են կրել: Այդ խնդիրը կա»,-նշեց նախարարը:

Նա խոստացավ, որ անձամբ հետամուտ կլինի Նորաշեն համայնքի խնդիրներով: Նախարարը նկատեց` քիչ չեն դեպքերը, երբ խոշորացված համայնքի կենտրոնը հաճախ եղած ներուժն օգտագործում է միայն այդ համայնքի զարգացման համար: Պապիկյանը նշեց` այդ դեպքում պետք է ավագանու ճիշտ գործունեություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում