Հասարակական

Աշոտյանը պահանջում է Նարեկ Մալյանի ու «Ռեստարտ»-ի միջադեպքով իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց

3 րոպեի ընթերցում

Աշոտյանը պահանջում է Նարեկ Մալյանի ու «Ռեստարտ»-ի միջադեպքով իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությանփոխնախագահ Արմեն Աշոտյանը դատապարտում է «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչՆարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Աշոտյանն այս մասին հայտնեց մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հարձակումը Նարեկ Մալյանի վրա Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսևորումներից մեկն է, որի ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը: Անպատասխանատվության, անպատժելիության մթնոլորտը, որ ստեղծվել է մեր երկրում, երկար ամիսների պատմություն ունի»,- ասաց Աշոտյանը: Նաիրավապահներից պահանջեց այս դեպքի առթիվ իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց:

«Սա հետևանք է հասարակությունը յուրայինների ու քննադատների բաժանելու, և ըստ այդ բաժանման վերաբերելու հանգամանքի: Ակնկալում և պահանջում եմ իրավապահ համակարգից` այս անգամ իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց: Մեղավորները հայտնի են, խոսքը բացառապես իրավական դաշտում մեղավորներին պատժելու և Հայաստանում նման դրսևորումները ապագայում կանխելու մասին է»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Մարտի 4-ին կեսգիշերն անց Երևան քաղաքի Ամիրյան փողոցում «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչՆարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Սիմոնյանը դեպքի առնչությամբ գրել է, որ մանրամասները կհրապարակվեն տեսահոլովակով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ դատապարտել է Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու ցանկացած փորձ: Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ, գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում