Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել են ՄԽ համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով մարտի 1-ին հրապարակած հայտարարության մեջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեփան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) փետրվարի 20-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փետրվարի 21-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու մոտ ապագայում առաջնորդների հանդիպում նախապատրաստելու հարցերը՝ ներառյալ քննարկումների հնարավոր թեմաները: Համանախագահները նաև քննարկումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Համանախագահներին էր միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Տարածաշրջանում հանդիպումների ընթացքում առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հունվարին Դավոսում կայացած վերջին երկխոսության մասին: Երկրների ղեկավարներն ու համանախագահները քննարկել են ներկա իրադրությունը և հետագա քայլերի ակնկալիքները:

Համանախագահները դրական են գնահատել շփման գծում զոհերի թվի շարունակական նվազումը: Նրանք նաև ողջունել են տարածաշրջանում հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ քննարկումների ակտիվացումը:

Ղեկավարներն ընդունել են մոտ ապագայում հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը:

Համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տարածաշրջանային իրենց այցից հետո մեկնել են Վիեննա և Բրատիսլավա, որտեղ, համապատասխանաբար, փետրվարի 28-ին և մարտի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և կառույցի գործող նախագահ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին ներկայացրել են հանդիպումների արդյունքները»,-ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատն ունեցող միակ միջնորդական ձևաչափն է:

Հայերեն English Français Русский

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները

Արհեստական բանականությունն ու մեդիայի ապագան՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում

Ուկրաինայում Starlink-ի արագությունը վերականգնվում է, սակայն դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի

Իրաքի ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունից երկրի կորուստը գնահատում է 60 մլրդ դոլար

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային