Արհեստական բանականությունն ու մեդիայի ապագան՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովի ուշադրության կենտրոնում
3 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանում հոկտեմբերի 15-ին մեկնարկել է «Մեդիատեքստ․ նշանագիտություն և արհեստական բանականություն․ նոր իմաստների որոնում» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որը համախմբել է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականների, հետազոտողների ու մեդիայի մասնագետների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման երկրորդ օրը՝ հոկտեմբերի 16–ին, «Արհեստական մշակույթ․ նշանագիտական մոտեցում մեքենայական տեքստայնությանը» (Synthetic Culture. A Semiotic Approach to Machine-Generated Textuality) խորագրով զեկույցով հանդես է եկել իտալացի նշանագետ և հետազոտող Մասսիմո Լեոնը։
Նշանագետն անդրադարձավ գիտական աշխատանքի և մարդկային հաղորդակցության վրա արհեստական բանականության ազդեցությանը։
«Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում գիտական աշխատանք եմ կատարել՝ օգտագործելով լեզվական գիտելիքներս և կարողություններս, և այդ աշխատանքի շնորհիվ բավականաչափ վաստակել եմ։
Այն ինձ նաև սոցիալական հեղինակություն է տվել։ Հիմա, սակայն, պարզվում է, որ արհեստական բանականությունը կարող է փոխարինել ինձ»,- նշեց բանախոսն ու հռետորական հարց հնչեցրեց՝ այս պարագայում ինչ պետք է անի ինքը և իր նման հարյուրավոր գիտնականներ։
Խոսելով արհեստական բանականության դարաշրջանում կրթության մարտահրավերների մասին՝ Մասսիմո Լեոնն ընդգծեց ուսանողների հետ անմիջական հաղորդակցության կարևորությունը․
«Հաճախ ինձ հարցնում են՝ ինչպես աշխատել ուսանողների հետ արհեստական բանականության դարաշրջանում, ինչ մեթոդներ կիրառել։ Ես պատասխանում եմ՝ խոսեք ձեր ուսանողների հետ, պահպանեք անմիջական կապն ու հաղորդակցությունը, որոնք արհեստական բանականությունը չի կարող ապահովել»։
Գիտաժողովի ընթացքում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն արտերկրից ժամանած մասնակիցներին հիշեցրեց, որ հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է։ Օրվա խորհրդի համատեքստում՝ դեկանը մատնանշեց ժամանակակից մեդիայի առջև ծառացած խնդիրներն ու շեշտեց․
«Հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարարի» խմբագիր Հարություն քահանա Շմավոնյանը չգիտեր՝ ինչ բան է մեդիատեքստը, ինչ է նշանագիտությունը կամ արհեստական բանականությունը, բայց գիտեր, որ իր ստեղծածը պետք է փոխի լսարանը։ Մենք այսօր այստեղ ենք՝ շարունակելու նրա առաքելությունը»։
Ռիմա Հարությունյան