Տնտեսություն

ԵԱՏՄ-ում նախագահությունը կարող է նպաստել Հայաստանի տնտեսությունը նոր մակարդակի բարձրացնելուն. փորձագետներ

4 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում նախագահությունը կարող է նպաստել Հայաստանի տնտեսությունը նոր մակարդակի բարձրացնելուն. փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2019 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը կարող է լավագույնս օգտագործել տնտեսությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար: Այս հարցում համակարծիք էին փորձագետները, որոնք ելույթ էին ունենում «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի՝ ԵՊՀ-ի հետ համատեղ փետրվարի 27-ին կազմակերպված հրապարակային դասախոսության ընթացքում: Այն կրում էր «ԵԱՏՄ»-ում Հայաստանի նախագահության տարին, և ժամանակակից ինտեգրացիոն գործընթացի տնտեսական և քաղաքակրթական ասպեկտները» խորագիրը:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը կատարեց պատմական փոքրիկ ակնարկ՝ ներկայացնելով գործողությունները, քայլերը, հետազոտությունները, ԵԱՏՄ անդամակցությունը, ընթացքը: «Եվրասիական տնտեսական ինտեգրումը ծավալվում է հետխորհրդային տարածքում և այդ ժողովուրդները, որոնք ներգրաված են այս գործընթացում, բացի ուղղակի տնտեսական շահերից, ունեն նաև քաղաքակրթական ընդհանրություններ, որոնք մեծապես նպաստում են ինտեգրացիոն գործընթացի զարգացմանը: Տնտեսական ինտեգրման գործընթացը խորացնելու և զարգացնելու համար հարկավոր է, որ մենք մեր երիտասարդ սերնդին տանք այն գիտելիքները, որ ունեն ավագ և միջին սերունդը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արամ Սաֆարյանը: Նա նաև նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի նախագահության տարում ևս մի քանի հրապարակային նախաձեռնություններով հանդես կգա՝ այս գործընթացին մասնակից դարձնելով երկրի ինտելեկտուալ, բուհական ներուժը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանի կարծիքով՝ շնորհիվ ԵԱՏՄ-ի՝ կարող ենք ունենալ արտահանման էական մեծացում, ըստ այդմ նաև ՀՆԱ-ի աճ:

Թավադյանը փաստեց ԵԱՏՄ-ին միանալու տնտեսական շահերը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում գլխավոր խնդիր է պատրաստի արտադրանքի արտահանումը, իսկ ԵԱՏՄ-ն հնարավորություններ է ընձեռնում պատրաստի արտադրանքի արտահանման:

Թավադյանը նաև նշեց՝ առաջնային խնդիրներից է էապես մեծացնել համատեղ ձեռնարկությունները (հատկապես ռազմարդյունաբերական ոլորտում):

Առաջնային նպատակների իրագործման ճանապարհին կարևոր է Վրաստանի միջով երկաթուղու վերաբացումը, էներգակիրների գների հստակեցումը, գիտահետազոտական հիմնադրամի ստեղծումը, և կոռուպցիայի մակարդակի նվազեցումը:

«Էներգակիրների առումով հարցը կարող է էապես առաջ շարժվել, եթե մենք վարենք համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն, այստեղ կարծում եմ դեռևս թերացում կա կենտրոնական բանկերի կողմից: Մեր ինտեգրացիոն գործընթացը շարունակական է, այստեղ արդյունքը բարձր է, այդ պատճառով էլ մենք այստեղ ենք առաջին քայլը կատարել ինտեգրացիոն առումով: Վրաստանի միջով երկաթուղու վերաբացումն առևտրաշրջանառության մեծացման առումով կարևոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև՝ Վրաստանի»,- ասում է Թավադյանը:

Էլիզա Բալայան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում