Հասարակական

Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ընդունել է  Շվեյցարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մեկնարկին նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրի դեսպանին, ում պետության հետ հարաբերությունները գտնվում են չափազանց կարևոր հանգրվանում և հավելել, որ հայ-շվեյցարական կապերի ամրապնդումը, խորացումն ու համագործակցության նոր եզրեր գտնելը Հայաստանի նոր կառավարության օրակարգի մաս են կազմում։ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ հաջողված համագործակցության արդյունքում Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալությունը գործընկեր կազմակերպությունների հետ 2014 թվականից սկսած մեծ ներդրում է ունեցել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների և տեղական ինքնակառավարման համակարգի կարողությունների հզորացման գործում»,- ասել է նախարարը՝ կարևորելով հետագա փոխգործակցության նոր և բազմաշերտ ուղղություններ փնտրելու անհրաժեշտությունը։

Դեսպան Լազարոթոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Շվեյցարիան շահագրգռված է աջակցել Հայաստանի համայնքներում հաշվետվողականության, արդյունավետության, քաղաքացիներին ավելի հասանելի ծառայություններ մատուցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Դեսպանը նաև ուրախությամբ փաստել է, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված ներդրումային միջավայրը դրական ազդակներ է ուղարկում շվեյցարացի պոտենցիալ ներդրողներին։

Նախարարը վերահաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության, ինքնաբավության, տեղական ժողովրդավարության խորացման ուղղությամբ կառավարության հանձնառությունը և հույս հայտնել, որ այդ գործում կարող են ապավինել եվրոպական երկրների զարգացած փորձին ու կուտակած իմացությանը։ Անդրադարձ կատարելով կառավարության կողմից մեկնարկած տնտեսության առողջացման և բարեփոխումների մի շարք միջոցառումներին՝ Սուրեն Պապիկյանը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են տնտեսության տարբեր ճյուղերում շվեյցարական կապիտալի ավելի լայն ու ակտիվ ներկայացվածությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում