Գարեգին Բաղրամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 15-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը, վերակագնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողությանն ուղղված ծրագրերն ու դրանց իրականացման գործընթացը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներդրումային նոր ծրագրերում բանկի մասնակցության, հետագա փոխգործակցության հնարավորություններին:
Առաջարկվել է դիտարկել նաև Հայաստանի բարձրավոլտ ենթակայանների արդիականացման և վերազինման գործում բանկի մասնակցության հնարավորությունը: