Հասարակական

Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում, գանգատ կներկայացվի նաև ՄԻԵԴ

2 րոպեի ընթերցում

 Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում, գանգատ կներկայացվի նաև ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև գանգատ կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: ՀՀ վերաքննիչ դատարանը փետրվարի 7-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ:«Պարտադիր բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանի որոշումը: Հերթական բողոքն է գնալու Մարդու իրավունքների եվրոպական դատարան և զուգահեռ մեր Վճռաբեկ դատարան»,- ասաց Ալումյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում