ՀՀ ՊՆ պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Լիտվայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-6-ն աշխատանքային այցով Լիտվայում էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վիտալիուս Վայսկնոռասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը, մասնավորապես` Լիտվայի օժանդակությունը Հայաստանում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման գործընթացում:

Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Լիտվայի զինված ուժերի վարժանքների և դոկտրինի հրամանատարություն ղեկավար, բրիգադի գեներալ Գինտաուտաս Զենկեվիչիուսի հետ: Հայկական կողմին ներկայացվել են բրիֆինգներ Լիտվայի զինված ուժերի կառուցվածքի, վարժանքների կազմակերպման և զարգացման տեսլականի վերաբերյալ:

Փետրվարի 5-ին գեներալ-մայոր Ա.Մակարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Կաունասում տեղակայված Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոց: Ուսումնական հաստատության պետ, գնդապետ Էգիդիուս Կարվելիսը ներկայացրել է Լիտվայի զինված ուժերում սերժանտական կազմի դերն ու նշանակության, դպրոցի կառուցվածքը, ուսումնական գործընթացը, դասավանդվող առարկաները, ուսումնական և մեթոդական ծրագրերը, դասախոսական կազմի վերապատրաստման գործընթացը: Հայկական պատվիրակությունը ծանոթացել է նաև Լիտվայի ԶՈւ սերժանտական դպրոցի ուսումնանյութական բազային և կենցաղային պայմաններին:

Լիտվայի ԶՈւ ղեկավարության հետ ամփոփիչ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Հայերեն English

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը