Հասարակական

Հայկ Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի զարգացման հեռանկարը

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի զարգացման հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել, մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման ծրագրերին օժանդակության հարցով:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետը կարևորել է էլեկտրական տրանսպորտի զարգացումը՝ նշելով դրա մի շարք առավելությունները, այդ թվում՝ բնապահպանական խնդիրների լուծման տեսանկյունից:

Անդրադառնալով մետրոյի նոր կայարանի կառուցմանը՝ քաղաքապետը նշել է, որ այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում միջազգային տարբեր կառույցների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ ծրագիրն իրագործելու նպատակով: Քաղաքապետը նշել է, որ էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրումը կարող է ընթանալ նաև տրանսպորտային բարեփոխման ծրագրի իրագործմանը զուգահեռ:

ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային ծրագրերի իրականացմամբ մասնակից դառնալ Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրին՝ ակնկալելով նաև պետության մասնակցությունը գործընթացին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում