2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ նախորդ տարի բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և քաղաքացիները չեն խուսափում դիմել ՀՀ ոստիկանություն:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
«Եթե 2017 թվականին ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է առերևույթ հանցագործության մասին 32 հազար 321 հաղորդում, ապա 2018 թվականին դրանց թիվը աճել է 9 հազար 145-ով կամ 28.3 տոկոսով՝ կազմելով 41 հազար 466 հաղորդում: Ի դեպ, 807-ով կամ 27 տոկոսով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն նախկինում իրենց կողմից չհաղորդված դեպքերի վերաբերյալ: Եթե 2017 թվականին այդ դեպքերը եղել են 2922, ապա 2018 թվականին՝ 3729: Խոսքը վերաբերում է այն հանցագործություններին, որոնց մասին քաղաքացիները նախկինում չեն հայտնել և հայտնել են միայն 2018 թվականին»,- ասաց Ղուկասյանը:
ՀՀ ոստիկանության շտաբի պետի խոսքով` հաղորդումների քանակի աճի պարագայում գրեթե վերացել են դրանք հաշվառումից թաքցնելու դեպքերը: 2017 թվականին հարուցվել է 17 քրեական գործ հենց հաշվառումից թաքցնելու փաստերով, նախորդ տարի ընդամենը 3 քրեական գործ է հարուցվել»,- եզրափակեց Ղուկասյանը: