Տնտեսություն

Գարեգին Բաղրամյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալին

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդմանգծի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Սալեհին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքի մանրամասները, «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, ինչպես նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը և դրա ծավալների ավելացման հնարավորությունը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, որտեղ իր առանձնահատուկ դերն ունեն նշված ծրագրերը: Կարևորվել է նաև ոլորտի պաշտոնատար անձանց փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին տալ արդյունավետ և շուտափույթ լուծում:

Գարեգին Բաղրամյանը և Հոմայուն Հաերիին նշել են, որ շարունակելու են հետևողական լինել, որպեսզի բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվեն պատշաճ որակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում