Կյանքը՝ շան աչքերով, կամ գրականությունն ի զորու է փոխել մարդուն. Լևոն Նեսի «Նորամուտ»-ը 

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Այսպես է սկսվում Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» գրքի անոտացիան: Այս գրքում հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյոք կենդանին երբեմն ավելի բանական չէ՞, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը: «Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծի հերոս երիտասարդ գրող Լևոն Նեսի (Հովհաննիսյան) հետ զրուցել ենք գրական դաշտ մուտք գործելու, առաջին քայլերի, Բալզակի ու այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

Նես գրական կեղծանունը

Քանի որ իմ ազգանունը Հայաստանի ամենատարածված ազգանուններից է, ես որոշեցի ինձ համար կեղծանուն ընտրել: Կեղծանուն ընտրելիս չէի ցանկանում ինչ-որ փիլիսոփայական մտորումների մեջ մտնել: Պարզապես կրճատեցի ազգանունս: Եվ ստեղծվեց «Նես»-ը:

Առաջին քայլեր

Դժվարանում եմ ասել, թե ինչպես սկսեցի գրել: Դպրոցում շարադրություններ գրելիս մշտապես ուղղագրությունից «երկուս» էի ստանում, իսկ մտքի համար՝ «հինգին գումարած»: Դպրոցում շատ լավ չեմ սովորել, բայց բոլորը բարձր էին գնահատում իմ ստեղծագործությունների միտքն ու գաղափարները: Այդ առումով միշտ դրական արձագանքներ եմ լսել և հետագայում զգացի, որ կարողանում եմ մի քիչ ավելի ծավալուն գործերով արտահայտել այն ամենն, ինչ պետք է:

...Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում եմ սովորել, կինոռեժիսուրայի ֆակուլտետի կինոմոնտաժի բաժնում: Մինչ օրս զբաղվում եմ հնչյունային ռեժիսուրայով: Այս պահին աշխատում եմ ալկոհոլի խանութում. իհարկե, դա չի առնչվում գրականության հետ: Մինչ այդ 1,5 տարի աշխատել եմ գրախանութում: Ժամանակին, ինչպես և շատերը, մտածում էի, որ հայ ժամանակակից գրականություն գոյություն չունի: Միայն գրախանութում աշխատելով հասկացա, որ շատ սխալ պատկերացում ունեմ և, ինչու ոչ, ինքս էլ կարող եմ ինչ-որ չափով փորձել գրել: Ընթերցողների արձագանքից ելնելով՝ հասկանում եմ, որ հաջողված փորձ եմ արել:

Սկզբում՝ ռուսերեն

Առաջին երկու աշխատանքներս ռուսերեն էին, գրախանութում աշխատելու ժամանակ ռուսերեն «Шептун» («Շշնջացողը») վիպակս իմ միջոցներով հրատարակեցի մի հրատարակչությունում: Առանձնահատուկ արձագանք չեղավ: Ես մանրակրկիտ չխմբագրեցի այդ գիրքը և որոշեցի վաճառքից վերցնել չվաճառված խմբաքանակը: Իսկ հաջորդ գրքի վրա ավելի լուրջ էի աշխատել:

Սկսեցի ստեղծագործել ռուսերեն, քանի որ մեր տան բոլոր գրքերն այդ լեզվով էին: Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ հայերենի դեպքում մենք մի կարևոր խնդիր ունենք՝ շատ դասական կամ շատ խոսակցական հայերեններով գրքերը բնական կերպով չեն կարդացվում: Երբ շատ դասական է գրված, դու պատկերվածը չես ընկալում իբրև իրական ապրումներ: Իսկ երբ շատ խոսակցական է գրված, գռեհիկ է ընկալվում: Միջին տարբերակ դժվար է գտնել, բայց մենք ունենք նման հեղինակներ, որոնց մոտ դա ստացվել է, օրինակ՝ Հրանտ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը... Հիմա արդեն հայերեն եմ ստեղծագործում:

Թե ինչպես ծնվեց Բալզակը

«Բալզակ. մի շան պատմություն» գրքի առաջին էջում կարող եք տեսնել հետևյալ գրառումը. «Իմ շան՝ Տրիկիի հիշատակին»: Անգլիացի անասնաբույժ Հերիոթը պատմվածքներ էր հեղինակում, և նրա պատմվածքներից մեկը մի շան մասին էր, որը շատ էր ուտում և այնքան էր չաղացել, որ քայլել չէր կարողանում: Նա մի երկու շաբաթ այդ շանը սոված պահեց, շունն էլ նիհարեց: Հայրս այդ պատմվածքը շատ էր սիրում, և մեր շան անունն էլ որոշեց Հերիոթի շան անունը դնել՝ Տրիկի:

Մեր շուրջը տեսնում ենք շատ դաժան վերաբերմունք շների նկատմամբ: Պատճառն այն է, որ չենք ընկալում, որ շունն ուղղակի ինչ-որ մսի կտոր չէ, կենդանի արարած է, մեզնից պակաս չէ, որոշ հարցերում էլ՝ առավել է: Նպատակս էր, որ ընթերցողը շան աչքերով նայի կյանքին:

Իմ հերոսներից մեկը, երբ շան անունը «Բալզակ» է դնում, ասում է. «Բալզակին առանձապես ծանոթ չեմ, միայն «Գոբսեկն» եմ կարդացել»: Ես էլ միայն այդ գործն եմ կարդացել: Երբ գրքի կերպարներից մեկը սուրճ է պատրաստում, այն թափվում է հատակին, շունը գալիս ու սկսում է լպստել սուրճը: Գիտենք, որ Բալզակը շատ էր սուրճ խմում, ահա թե ինչու է շան անունը Բալզակ;

Բալզակը նաև մարքեթինգային տեսանկյունից ճիշտ անուն է: Բայց անունն ինչ-որ չափով նաև խնդիր է առաջացնում: Ծնողը մտնում է գրախանութ, ասում է. «Ինձ գիրք տվեք երեխայիս համար»: Առաջարկում են իմ գիրքը, իսկ նա պատասխանում է, որ իր երեխան Բալզակ կարդալուն դեռ պատրաստ չէ:

Սիրած հեղինակներ

Սիրած գրողս Ֆյոդոր Դոստոևսկին է: Նրա մեծ երկրպագուն եմ, մասնավորապես «Կարամազով եղբայրները», «Ոճիր և պատիժ» վեպերն եմ սիրում: Դրանք ինձ վրա բացառիկ ազդեցություն են թողել: Մյուս սիրած գրողս Ֆրանց Կաֆկան է՝ իր «Դղյակը» վեպով: Մինչև այդ գիրքը կարդալը մտածում էի, որ գրականությունն ի զորու չէ փոխել մարդուն: Բայց դրանից հետո հասկացա, որ այնուամենայնիվ, ի զորու է: Հայ ժամանակակից հեղինակներից էլ սիրում եմ Գուրգեն Խանջյանին:

Արգելք՝ ընտանիքի կողմից

Հայ երիտասարդների շրջանում մի բարդ խնդիր կա, որը կապված է ընտանիքի հետ: Երբ երիտասարդը ցանկանում է դառնալ ոչ թե բժիշկ, տնտեսագետ, իրավաբան, այլ կոմպոզիտոր կամ աստղագետ, ընտանիքում բացասական վերաբերմունքի է բախվում: Ասել է թե՝ նման մասնագիտություններն, ըստ շատերի ծնողների, պարզապես հոբբի են: Փառք Աստծո, ես այդ խնդրին չեմ առնչվել, զգացել և զգում եմ ընտանիքիս աջակցությունը: Մերոնք միշտ քաջալերում են ինձ, որ շարունակեմ ստեղծագործել:

Նոր հորիզոններ

Վերջերս մի վեպ եմ գրել, կոչվում է «Ստախոսը», բայց դեռ բավականին շատ թերություններ կան, պետք է աշխատեմ և փոփոխեմ այն: Ինձ համար ընդունելի չէ, որ գիրքը լինի լավը: Այն պետք է լինի շատ լավը:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը