Գդանսկի քաղաքապետը մահացել է համերգի ժամանակ տեղի ունեցած դանակահարության պատճառով
1 րոպեի ընթերցում
![Գդանսկի քաղաքապետը մահացել է համերգի ժամանակ տեղի ունեցած դանակահարության պատճառով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/960717.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչն, ում դեմ նախօրեին երեկոյան մահափորձ էր իրականացվել, հիվանդանոցում մահացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Համալսարանական կլինիկայի կենտրոնի ներկայացուցիչ Տոմաշ Ստեֆանյակը:
Դանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքական գործչի վրա Գդանսկում անցկացվող բարեգործական համերգի ժամանակ: Քաղաքի ղեկավարը մի քանի կտրած-ծակած վերք է ստացել, այդ թվում նաև սրտի հատվածում:
Բժիշկները դեպքի վայրում երկար ժամանակ փորձել են վերակենդանացնել Ադամովիչին, ապա տեղափոխել են հիվանդանոց:
Հարձակում գործած տղամարդուն ձերբակալել են, սակայն հանցագործության դրդապատճառները պաշտոնապես չեն հայտնում:
Մինչ հարձակումը տղամարդը բղավել է, որ անօրինական կերպով ազատազրկվել էր: Այս մասին հայտնել էին միջոցառմանը ներկա լրագրողները:
Հայտնի է, որ մարդասպանը Գդանսկի 27-ամյա բնակիչ է, ով դատապարտվել է բանկեր թալանելու համար: Նա մի քանի շաբաթ առաջ էր դուրս եկել բանտից: