Հասարակական

ՀՀ կառավարության դիմաց ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման գործընթացի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության դիմաց ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման գործընթացի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի դեմ: Մասնակիցները ստորագրահավաք են անցկացրել ներում շնորհելու դեմ և այն հանձնել Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիան կազմակերպել են Իոսիֆ Աղաջանովի ընտանիքը, Երևանիպետականբժշկական համալսարանի մի խումբ ուսանողներ, դասախոսներ և բժիշկներ:

Լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ այս խնդիրը նաև օրենսդրական բացի հետևանք է: «Այստեղ կա օրենսդրության խնդիր: Մենք, ցավոք, ունենք իրավիճակ, երբ ներման գործընթացում տուժողների իրավունքները, կարծես թե, պաշտպանված չեն: Մարդիկ չեն տեղեկացվում, նրանց դիրքորոշումները չեն ներկայացվում, իսկ մենք գործ ունենք ծանրագույն հանցագործության հետ: Կարծում եմ, որ բացի այս կոնկրետ դեպքից, պետք է առիթ և խթան լինի, որպեսզի պարտադիր փոփոխություններ անենք մեր օրենսդրության մեջ և հաշվի առնենք տուժողի շահերը»,- ընդգծեց Մելիքյանը:

Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ դատապարտյալների ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին նրա խնդրագրին: Ըստ ընթացակարգի` ներման հանձնաժողովի կողմից խնդրագրին դրական եզրակացություն տալուց հետո վարչապետը նախագահին ներման մասին առաջարկություն է ներկայացում, իսկ նախագահը ներումը շնորհում է կամ մերժում:

Արդարադատության նախարարությունը նշել է, որ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

Մհեր Ենոքյանը 1996 թվականին սովորում էր Երևանի պետական բժշկական համալսարանում: Նրան մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 2003-ին մահապատիժը ՀՀ-ում վերացվել է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում