Հասարակական

Քոչարյանի պաշտպանները քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

2 րոպեի ընթերցում

Քոչարյանի պաշտպանները քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործի քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ Քոչարյանը չի մասնակցելու նիստին:

«Դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ունենք, որը կքննվի: Այսինքն` հավանականությունը շատ մեծ է, որ այսօր բուն միջնորդությունների քննությանը չենք անդրադառնա»,- ասաց Օրբելյանը և հավելեց, որ նիստին հետո մանրամասն կներկայացնի, թե ինչ հիմքով են ներկայացրել միջնորդությունը:

Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:

Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույնժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում