Հասարակական

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

3 րոպեի ընթերցում

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ դատականը նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի ստացել:

«Մենք չենք ստացել բողոքի օրինակը և հնարավորություն չենք ունեցել նաև գրավոր առարկություններ պատրաստելու համար: Այդ իսկ պատճառով դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա բողոքին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 17-ը ժամը 12:00-ն:

Արմեն Գևորգյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ներկայացված մեղադրանքները չի ընդունում և համարում է անհիմն:

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Ավելի վաղ ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրել նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ ՔՕ 332 հոդվածի 3-րդ մասով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում