Տնտեսություն

Դավիթ Անանյանը պարզաբանեց Թուրքիայից Հայաստան առանց մաքսազերծման լոլիկ ներկրելու հարցը. տարվելու է կոշտ պայքար

2 րոպեի ընթերցում

 Դավիթ Անանյանը պարզաբանեց Թուրքիայից Հայաստան առանց մաքսազերծման լոլիկ ներկրելու հարցը. տարվելու է կոշտ պայքար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018թ. ամռանն իրականացրած նորամուծությունը, որով ֆիզիկական անձանց ուղեկցող բեռում թույլատրելի քանակությունը բարձրացվեց՝ մինչեւ 50 կգ, նպաստեց մաքսանենգ ճանապարհով լոլիկի ներկրմանը Թուրքիայից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ասեմ, որ այդ 50 կիլոգրամներով, բավականին մեծ քանակությամբ, մաքսանենգ ճանապարհով լոլիկ է ներմուծվել Հայաստան: Դրա վերաբերյալ մենք տեղեկատվություն չունենք, մի պարզ պատճառով, որ դրանք մաքսային ձևակերպում չեն ստացել: Շատ դեպքերում տասը կամ քսան տոննանոց բեռնատարները եկել են և Վրաստանի ու Հայաստանի միջև չեզոք գոտում դատարկել են իրենց բեռը, ու մարդիկ հիսուն կիլոգրամներով ներկրել են այդ բեռը Հայաստան: Եվ շատ դեպքերում մենք չենք կարողացել որևէ հսկողական գործառույթ իրականացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Անանյանը:

Նա տեղեկացրեց, որ 2019թ. հունվարի 1-ից, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում կանոններ են փոխվել, ու ուղեբեռի առավելագույն չափը սահմանվել է 25 կգ, իսկ առավելագույն արժեքային չափը՝ 500 եվրո, կառավարությունը քննարկել է այդ խնդիրը, և որոշում կայացնելուց հետո կոշտ պայքար է մղելու ստեղծված վիճակի դեմ:

«Կառավարության որոշմամբ ուղեբեռի թույլատրելի քանակությունը բարձրացնելիս, մենք նպատակ ունեինք աջակցել բնակչությանը, որ իր կենցաղային նպատակների համար ավելի մեծ քանակությամբ ուղեկցող բեռ ներկրի»,- ասաց Անանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում